Sputnik Армения о, том что написано сегодня в газетах... Обзор прессы/Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 3–ի մամուլի տեսությունը

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը հնարավոր է ղեկավարի վարչապետ Կարեն Կարապետյանը, որի շուրջ, թերթի որակմամբ՝ «ա լյա Սամվել Բալասանյան» դաշինք կստեղծվի, իսկ Սերժ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ շտաբը: «Սակայն իրավաբանները համաձայնության չեն կարողանում գալ` օրենքը թույլատրո՞ւմ է Կարեն Կարապետյանին պատգամավորի թեկնածու գրանցվել, թե՞ ոչ: Օրակարգում գտնվող` Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցության հարցն էլ կորոշվի ՀՀԿ համագումարից մեկ շաբաթ առաջ: Պայմանավորվածություն կա, որ այդ մասին կհայտարարի անձամբ Կարեն Կարապետյանը, ուրիշ ոչ ոք»,- գրում է թերթը: «Հրապարակի» փոխանցմամբ, վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցման հետ կապված որոշակի խնդիրներ կան նաև կուսակցության կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Ըստ թերթի, ՀՀԿ նախագահի և ՀՀԿ խորհրդի ղեկավարի ստատուսները հնարավոր է առանձնացվեն: Մեկը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, մյուսը՝ Կարեն Կարապետյանը:
**********************

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի շուրջ կձևավորվի նոր «Միասնություն»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեև երեկ Գագիկ Ծառուկյանը մեկնել է երկրից, սակայն նրա վերադարձի շուրջ քննարկումները շարունակվում են։ Եթե հարցը դրական լուծում ստանա, ապա համամասնական ցուցակը կարող է սենսացիոն լինել՝ ընդգրկելով Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան հաղթող եռյակին: Ի դեպ, ոմանք պնդում են, որ ինչ-որ պահից նրանց պետք է միանար նաև Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը: Իսկ ընդհանուր մտահղացումը հետևյալն է` ստեղծել լուրջ դաշինք, որի անվանումը, ի դեպ, հնարավոր է «Միասնություն» լինի, որպեսզի ասոցացվի Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համանուն հզոր դաշինքի հետ: Այստեղ կներառվեն ոչ միայն ԲՀԿ-ի բեկորները, այլև «Համախմբում» կուսակցությունն ու քաղաքական դաշտի համանման կուսակցությունները»:
**********************

«Ժողովուրդ». Տարակարծություններ ՊՊԾ գնդի տանիքից արձակված կրակոցի շուրջ

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել: Ըստ թերթի` խնդիրն այն է, որ մինչ օրս դեռևս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում է ստացել Տեփանոսյանը: Հայտնի է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տանիքից: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է` ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում: «Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգացված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել և դիպչել ծոծրակին: Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները: Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից և նրանց հետ կապ ունեցողներից որևէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ»,-գրում է թերթը:
**********************
«Հայկական ժամանակ».Կարեն Կարապետյանի կադրերին ընտրում է նրա փեսան

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` վարչապետ Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության վրա բավական մեծ ազդեցություն ունի նրա միլիոնատեր փեսան՝ Էներգետիկ ենթակառույցների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Վերջինիս, հիշեցնենք, այդ պաշտոնում նշանակել էր Հովիկ Աբրահամյանը: Հայկ Հարությունյանը ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանն իր հերթին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը իր փեսայի խորհրդով է ընտրել հատկապես իր երիտասարդ խորհրդականներին: Ավելի շուտ Հայկ Հարությունյանի առաջարկած կադրերն են նշանակվում տարբեր պաշտոնների: «Կարեն Կարապետյանն ունի տասնչորս օգնականներ և խորհրդականներ, որոնցից միայն յոթին ինքն է նշանակել: Իսկ նրանցից չորսը աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն պետք է, որ առանց աշխատավարձի խորհուրդներ տան վարչապետին»,- գրում է թերթը:
**********************

«Ժողովուրդ». Կրքեր մատենադարանի տնօրենի աթոռի շուրջ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լևոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է: «Համապատասխանո՞ւմ է, արդյոք, Լ. Սարգսյանը սահմանված չափանիշներին, հայտնի չէ: Այդուհանդերձ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ տնօրենի նշանակման հետ կապված մրցութային գործընթացը դեռևս չի մեկնարկել: Իսկ ինքը` Լևոն Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ մրցույթը հայտարարելու դեպքում ինքը չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել Մատենադարանի տնօրենի համար»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, արդեն երկու ամիս է` Մատենադարանը տնօրեն չունի: Նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանը սեպտեմբերի 3-ին մահացել էր:

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։